Դուպլիկատորական կենդանություն

…Մինչդեռ, առանց ձևական համեստության, հայը տաղանդավոր, իր տեսակի մեջ ունիկալ, յուրահատուկ գեղագիտական ճաշակ ու մշակույթ ունեցող ազգ է, որը, գտնվելով քաղաքակրթության խաչմերուկներում, բազմիցս ջանքեր է գործադրել չձուլվելու անձև, անտիպ, անհիմք ամբոխներին` ձգտելով պահպանել հայկական ունիկալությունը, իր յուրաքանչյուր ստեղծագործությունում հաջողելով պահպանել յուրօրինակությունը, չկրկնել անգամ իր ստեղծած նախկին աշխատանքը: Սա նոր չհորինեցի, բոլորն են այդպես կարծում:
Թե այդ ո՞ր փոփոխություններն ազդեցին նման մտածողության վրա, որ արվեստի փոխարեն նախընտրեցինք արհեստականությունը, տձևությունը, անհատականությունը զիջեցինք ուրիշներից «copy-paste» անելու տարբերակին… իսկ խոսքն անգամ ավանգարդիզմի մասին չէ:

Երգում ենք “սատկած”

Դե, քանի որ ինչ-որ մեկի մտքով մի օր անցավ կենդանի ձայնն ու երգեցողությունն անվանել «կենդանի», թույլ տվեք այդ դասին չպատկանողն էլ «սատկած» անվանել, իսկ թե ինձ մնար` «կենդանի» բառը երաժշտության դեպքում երբեք էլ չէր կիրառվի…
… և թո’ղ լինի պարզապես երաժշտություն…

Եթե պատրաստվում եք համերգային դահլիճներ գնալ` «կենդանի» երաժշտություն լսելու ակնկալիքներով, մոռացե’ք, դա ձեզ երբեք չի հաջողվի, քանզի անգամ մեծ աղմուկ բարձրացրած «աստեղային» համերգների ժամանակ կարևոր չեն երգիչների ձայնային տվյալները…

Թվում է, թե սիրում ենք, երբ մեզ խաբում են, հա, խաբում, ուրիշ բառ չեմ գտնում, երբ բեմի վրա հայտնվում են իրենց արտաքինով առավել, քան իրենց բուն անելիքով հետաքրքրված խամաճիկներ ու բաց ու խուփ անում բերանները` փորձելով համոզել, որ այն ինչ լսում ես, ոչ թե ստուդիայում մի քանի տառապյալ օրերից հետո ձայնագրված նյութի արդյունք է, այլ իրենց բնատուր տաղանդի պոռթկումը: Հանդիսատեսն էլ դեռ գալիս է լսելու այն երաժշտությունը, որը տանն էլ կարելի էր լսել` դիսկերով կամ հեռուստացույցից ցըխկցըխկացող «մարած տասնյակներով». ոչ մի տարբերություն, ոչ մի կենդանություն: Իսկ տեսնելու հատուկ բան էլ չկա. անգործությունից բեմի մի ծայրից մյուս ծայրը քայլող ու ծափ տվող կերպարների պակաս հաստատ չունենք… անտաղանդությունը միայն ավանգարդիզմի մոտիվներով կարելի է հետաքրքիր համարել:

Թե կրկնօրինակելու եք «եվրո ստանդարտներից», կարելի է կրկնօրինակել նաև կենդանի երաժշտություն մատուցելու չափանիշները, որոնք այդքան տարածված են ոչ միայն եվրոպական աշխարհում: Սակայն, ցավոք, եթե արտաքին տվյալները կրկնօրինակելն ինչ-որ կերպ ստացվում է, ապա ձայնային տվյալների դեպքում գործը բուրդ է. «կենդանի» երգելու փորձ անելու ժամանակ էլ ձայնում են ինչպես մեռնող կարապներ…. Ահ, ստացվում է փակուղի… լա~վ, համոզեցիք, եթե ստիպված եմ ձեզ լսել, ապա նախընտրում եմ «ֆանագրամա» տարբերակը…
Իսկ հանդիսատեսը դեռ ծափահարում է:

«Կենդանի» կատարումները մնացել են գետնի տակ` underground-ային վիճակում, քանզի, կենդանի երաժշտություն կարելի է լսել միայն փոքրիկ բառերում, ակումբներում, թեկուզև` հիմնականում «քավերային» տեսքով` հաճախորդների քիմքին հաճելի, իսկ ռեստորանային ռաբիզական վիճակների մասին նշելն էլ ավելորդ եմ համարում:

Այդուհանդերձ, երբ տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ երաժիշտների մի խումբ էլ քրտինք է թափում բարձրակարգ ձայնով, կենդանի և որակով ռոք համերգներ կազմակերպելու համար` փորձելով զարգացնել հայկական ռոք հասկացությունն ընդհանրապես, որտեղից որտեղ հայտնվում են իրենց «դեմք» համարողներ, որոնց երաժշտական մտահորիզոնը սահմանափակվում է երաժշտական սահմանափակումներով, և փորձում են «կեղտ գտնել», կամ էլ` շատ սուբյեկտիվ կեղտ շպրտել. սա բնական է` երբ հասնել չես կարող, սկսում ես քաշել, դմակավորությունն էլ ծածկել է պետք:

Տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունը հետ է սովորել «կենդանի», երաժշտությանը, կամ մատակարարված ցածրաճաշակության առատությունից լսելիքների խխունջները փառակալվել են` ունակ ընկալելու միայն անսկզբունքային երաժշտություն: Ճաշակներս էդքան իջել ե՞ն, թե՞ խաբնվելուց հավես ենք ստանում… մինչդեռ նրանց լռեցնող… չէ … ավելի շուտ` երգեցնող չկա…
Ու՞ր են ձեր գեղագիտական ականջները:

Copy-paste

Մեր աստեղային երգիչներից յուրաքանչյուրն է ամենայն կրքոտությամբ պնդում, որ իր հոգին է ներդրել իր աշխատանքի մեջ: Այնուամենայնիվ, այս ասպարեզում ոչ հոգին է նկատվում, որի այդքան հախուռն լինելու փաստն այս պարագայում նույնպես պետք է կասկածի ենթարկել, ոչ էլ մարմինը, եթե, իհարկե, հաշվի չառնենք տեսահոլովակներից լխկլխկացող կիսամերկ «չալաղաջները»: Մյուս կողմից, հոգու այդքան «շատ» լինելու փաստը միգուցե և դրական կարելի է համարել, եթե ի նկատի ունենանք, որ երգիչներից դրանք տարանջատելու ու վերջիններիս անհատականության, սեփական «չթխած» ոճի, գաղափարախոսության ու սկզբունքների կատարյալ բացակայության պարագայում կմնա տկլոր կերպար, իսկ մերկությունը որքան էլ աչք շոյող լինի, դատարկությունը երկար ունկնդրել պարզապես անկարող ես: Ուստի, կարելի է հայ էստրադայի «կարկառուն» ներկայացուցիչներին հաջողություն մաղթել իրենց մեդիումական գործունեության մեջ, քանզի դա է մնում մեր լսելիքների վերջին մխիթարությունը:

Թերևս, ավելին սպասելն անիմաստ է` պայմանավորված երաժշտության բնագավառում տիրող ներկայիս միատարր, տխրահռչակ միապետական կարգերով. նույն «կոմպոզիտորներն» իրենց մեղեդային, սրտիդ նուրբ լարերը հուզող «պուպուշ» երաժշտությամբ` մերթ ընդ մերթ համեմված իբրև թե լսարանին գոհացնող արաբական ելևէջներով, երգերի հեղինակներն իրենց անգիր արած «սերերով», «հույսերով ու լույսերով», նույն ռեժիսորներն իրենց` թանկարժեք լենտի տպավորություն թողնող կանաչ-կապույտ տեսահոլովակներով, «ինչքան էֆեկտ գիտեմ» ու մեքսիկական սերիալներ հիշեցնող սյուժեներով, և, վերջիվերջո, նույն երգիչները` ռեստորանում առավել շատ պատվիրվելու հավանականություն վայելող երգերով, մոդայիկ «էլիտար» խանութների փայլփլուն շորերով ու իրենց շուրջ ստեղծած փուչիկային կերպարներով:

Մինչդեռ դեպի երաժշտական կլան տանող դռները բացվում են «ռուբիկոնների» եթերներից` համատեղ երգի պետականների և դրանց արտադրանքների հետ: Իսկ կամրջակներն էլ իրենց իմիջով առավել, քան որևէ այլ բանով հետաքրքրված հաղորդավարներն են, որոնք կայացած երգիչ համարում են նրանց, ովքեր արդեն հայտնվել են իրենց տաղավարում և ունեն գոնե մեկ տեսահոլովակ, որի որակն իրականում այդքան էլ կարևոր չէ, առաջնային է վերջինիս կամ արցունքաբեր կամ «ցքցքացնող» լինելը, ինչպես նաև` վերը նշված «անունով» ռեժիսորների կամ հեղինակների միջամտությունը, հատկապես թեժ տասնյակներում հայտնվելու ու բանդայի ներսում հարցերը հեշտությամբ կարգավորելու համար:

Ուշադրություն!!! Վերոհիշյալ տեսակին պատկանող երգիչների, նրանց երգերի ու տեսահոլովակների մեջ առավելագույնս երեք տարբերություն գտնողները կպարգևատրվեն Հայաստանում երգի ապագայի հանդեպ հույսի նշույլներով:

Լավ, բայց մի քանի ժամ մինչև ողն ու ծուծը շպարվելու փոխարեն, միգուցե նրանք մի փոքր վարժեին իրենց խոսքը, ուսումնասիրեին այդ օրվա հյուրի գործունեությունը (դե, ասենք, միօրինակության պայմաններում ուսումնասիրելու շատ բան էլ չկա), որպեսզի այն դեպքում, երբ հյուրն իրենց քարացած պատկերացումներից մի քիչ շեղվում է, դատարկաբանությամբ եթերում ելույթ չունենան և չտան արդեն վաղուց գլուխ ցավեցնող հարցերը, ինչպիսիք են` ասում են հայկական ռոք չկա, ճի՞շտ է, իսկ ռոքեռները սատանիստնե՞ր են, կամ` իսկ ու՞ր է այսինչ խումբը, ինչու՞ եթերում չէ (իսկ այդ ժամանակ այդինչ խումբը, ինչպես նաև հայկական ռոքը ներկայացնող մի շարք լավ, թե վատ խմբեր արդեն մի քանի կենդանի համերգներ են տվել ու դեռ մի քանիսն էլ պատրաստվում են տալ, սակայն հաղորդավարների «ուր է» հարցն ակնարկում է, թե ինչու չկան նոր տեսահոլովակներ, ասել է թե` մեզ կենդանի համերգներով չեք խաբի):

Պատկերը ծիծաղելի է, եթե այսքան տխուր չլիներ:

Քարացումն այնքան է ծանրացել, որ թռիչքը կանգնեցվել է, մտքերը սառեցվել են, կապկելն այնքան մոդայիկ է դարձել, որ խեղդում է սթափ տեսողությունն ու լսողությունը: Մատուցվում է միայն «վինիգրեդ», որի բաղադրամասերի ծագումը, արհեստական հավելումների քանակն ու պիտանելիության ժամկետը ծայրահեղ կասկածի պետք է ենթարկել, այլապես առողջ մարդու բերանում տհաճ համ է թողնում և մարսողության հետ լուրջ խնդիրներ են առաջանում: Իսկ վատառողջ հանդիսատեսը դեռ ուտում է ու ծափահարում: Թունավորումը հանգեցրել է զոմբիացման, վերջինից էլ աղիքների անզգայացում է առաջացել, սակայն կրկին անգամ արդեն մարսված զանգվածը հանձնվում է վերամարսման:
Հոգնայի խիստ կարիք է զգացվում:

Մինչդեռ հայը տաղանդավոր է, իր տեսակի ու ստեղծածի մեջ ունիկալ: Բայց ինչպես է ստացվում, որ տաղանդավորների այդ հոծ բազմությունից միայն անտաղանդներ են հայտնվում արկղի այն կողմում ու ներկայացնում հայի տեսակը: Երևի թե հայը հոգնել է ստեղծագործելուց ու սպասում է ուրիշների նետած կրճոնին, երևի թե հայը հոգնել է կենդանությունից:

One Response to “Դուպլիկատորական կենդանություն”

  1. Uraaaaa!!!! No miming by law!!! « Life around me Says:

    […] Life around me What I see, what I hear, what I do… « Դուպլիկատորական կենդանություն […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s


%d bloggers like this: